Հայ-թուրքական սահմանների բացումը բխում է ամենից առաջ հենց պաշտոնական Անկարայի շահերից: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Երեւանի վրա ճնշում գործադրելու նման մեթոդը սպառել է իրեն: Իր այդ կարծիքը նախարարը բացատրել է նրանով, որ անցած 10 տարվա ընթացքում, Հայաստանի սահմանների շրջափակումը ոչ մի դրական արդյունք չի ունեցել Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, իսկ Հայաստանի տնտեսությունը չի տուժել այն չափով, որքանով ակնկալել է Անկարան: Միաժամանակ, նախարարը կասկած է հայտնել, որ Թուրքիան կհամաձայնի սահմանի բացմանը եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը համախշարհային հանրության ճնշման ներքո: