Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը չափազանց հետաքրքիր է համարել պատմական եւ մշակութային առումով քրիստոնյա Հայաստանի եւ իսլամական Իրանի միջեւ համագործակցության կուտակված փորձը: Երեւանի պետհամալսարանում ունեցած իր ելույթում ԵԽ Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի առաջարկը` Երեւանում «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով կոնֆերանս անցկացնելու մասին: «Եթե Հայաստանը կարողանա օգնել մեզ կառուցողական եւ երկարատեւ երկխոոսության մեջ մտնել Իրանի հետ, դա մեծ նվաճում կլինի»,- հայտարարել է Շվիմերը: Հավաստի աղբյուրներից «Դե-Ֆակտո» գործակալության ունեցած տվյալների համաձայն, հայկական կողմը առաջարկել է վերը նշված կոնֆերանսը անցկացնել Իրանի մասնակցությամբ` ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից մշակված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ծրագրի շրջանակներում: Ենթադրվում է, որ կոնֆերանսը կարող է կայանալ ընթացիկ տարվա աշնանը: