«BBC» համաշխարհային ռադիոծառայությունը կհեռարձակվի Հայաստանում: Ամեն օր առավոտյան տեղական ժամանակով 9:00-ին «BBC» ծառայության նորությունները ռուսերեն լեզվով կհեռարձակվեն ռադիո «Իմպուլս» ալիքի վրա: Ռադիո «Իմպուլսի» պրոդյուսեր Գուրգեն Խումարյանի խոսքերով` տեղեկատվությունը կկրի տարածաշրջանային բնույթ, այսինքն նորությունները կվերաբերվեն միայն Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների իրադարձություններին: Խումարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում «BBC»-ի հեռարձակման իրավունքը ձեռք է բերված մեկ տարով: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է ստորագրել միջպետական պայմանագիր Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Իր հերթին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը գոհունակություն է հայտնել Երեւանում «BBC»-ի հեռարձակման կապակցությամբ: «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս համաշխարհային ռադիոծառայության ինտեգրացմանը ինչպես Բրիտանիայի, այնպես էլ ուրիշ երկրների հասարակական կյանքում»,- ասել է Թ. Ջոնսը: Դեսպանը ափսոսանքով նշեց, որ ֆինանսական պատճառներով նորությունները կհեռարձակվեն ռուսերեն այլ ոչ թե հայերեն լեզվով: