Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան և հիմնված լինեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։
Այդ մասին Հաջիևը խոսել է ԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված վեբինարում, տեղեկացնում է Haqqin.az-ը։
«Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես` երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների։ Տարածաշրջանը բրենդավորման նոր ռազմավարության կարիք ունի և Ադրբեջանը պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում», – ասել է նա։
Հաջիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Նոր տրանսպորտային միջանցքները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և դարձնել զարգացած ցամաքային կապեր ունեցող երկիր։ Կենտրոնական Ասիայի մեր գործընկերները նույնպես կկարողանան օգտվել Զանգեզուրի միջանցքից, սակայն Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք մենք ստեղծել ենք տարածաշրջանում հարևան Վրաստանի հետ»,-ասել է նա։
Հաջիևը նաև հավելել է, թե Հայաստանին ևս շահավետ է վրաց-ադրբեջանական գործակցությունը, որն «օրինակելի է և հիմնված փոխադարձ հարգանքի վրա»։
ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։