AM
26 February 2022 - 07:52 AMT

Զախարովա․ Բաքվի հետ հռչակագիրը ոչ մի խնդիր չի ստեղծի ՀՀ հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների առումով

Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ոչ մի խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ ՌԴ դաշնակցային հարաբերությունների համար՝ ուղղություններից ոչ մեկում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է։ Եվ համոզված ենք, որ Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում։

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորմանը և ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա Ադրբեջանի հետ հռչակագրում, այն է՝ 9-րդ կետում, ասվում է, որ կողմերն ամեն կերպ նպաստելու են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրագործմանը»,-ասել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ ռուսական կողմը մշտապես թարմացնում է ՀՀ հետ երկկողմ իրավապայմանագրային դաշտը, որը ներկայումս ներառում է մոտ 200 փաստաթուղթ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները։ Զախարովան նաև ասել է, որ Ադրբեջանի հետ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

«Ռազմաքաղաքական կապերի թեման մենք քննարկում ենք և Բաքվի, և Անկարայի հետ։ Գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցում։ Ընդ որում մենք ունենք համագործակցության նաև այլ փոխշահավետ ձևաչափեր, մասնավորապես «3+3» հարթակում, որի շրջանակում մենք Ադրբեջանի ու Թուրքիայից բացի, գործակցում ենք նաև Իրանի, Հայաստանի հետ և բաց ենք պահում դուռը Վրաստանի համար»,-ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ-ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։