Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների թբիլիսյան երկկողմ հանդիպումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ողջունում ենք Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի Թբիլիսիում կայացած հանդիպումը։ Դա համապարփակ հանգուցալուծմանն ուղղված կարևոր քայլ է։ Եվրամիությունը ներգրավված է Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանն աջակցելուն։ Կարգավորման հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության ճանապարհով»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն աջակցություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Միրզոյանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։