AM
2 September 2022 - 08:07 AMT

Անն Լինդեն ողջունել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը և Միշելի ակտիվ մասնակցությունը գործընթացին

Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ նախկին նախագահ Անն Լինդեն ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ողջունում եմ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպումը։ Եվրամիության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը», – ասվում է գրառման մեջ։

‌Լինդեն նաև մեջբերել է Միշելի գրառումը, որտեղ նշված է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

‌Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: