AM
6 September 2022 - 08:17 AMT

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։

«Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների կողմից խաղաղ պայմանագրի նախագծի պատրաստման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել օգոստոսի 31-ին կայացած բրյուսելյան եռակողմ հանդիպմանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳն հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում «խաղաղ օրակարգն առաջ տանելու համար»։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: ‌