Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանն Աստանայում հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ նախարարները քննարկել են «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը», հաստատել են նվիրվածությունը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը։
«Առարկայական քննարկում է եղել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ՌԴ խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի, երեք երկրի հասարակությունների և փորձագետների ներկայացուցիչների երկխոսության գծով։ Առանձին ուշադրություն է հատկացվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներով և մոտակա ժամանակահատվածում։
Աստանայում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նա մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: