AM
14 October 2022 - 09:47 AMT

Կլաար․ Դիտորդների առաջնային խումբը Երևան կժամանի հոկտեմբերի 14-ին

Հոկտեմբերի 14-ին Երևան կժամանի ԵՄ դիտորդների առաջնային խումբը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդական առաջնային խումբը: ԵՄ անդամ 27 երկիր արագ են արձագանքել Հայաստանի հարցմանը: Դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը տեղում և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին Եվրոպական միությունից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման մեջ։ ‌