AM
14 October 2022 - 12:56 AMT

Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիր չի տեսնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չի տեսնում։

Լրագրողը հարցրել է․ «Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած Ձեր հանդիպումից հետո Փաշինյանը կկարողանա՞ համոզել իր հասարակությանն այս հարցում: Եվ երկրորդ՝ Պրահայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում եղե՞լ է», մեջբերում է Ermenihaber-ը։

Էրդողանը պատասխանել է․ «Այնտեղ նեղ կազմով հանդիպում ունեցանք: Այնտեղ էին Փաշինյանը, նաև պարոն Իլհամը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»:

Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է իր տարածքով միջանցք տա՝ անվանելով այն «Զանգեզուրի միջանցք»։

Մինչդեռ հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական արծարծմանը, ասել է, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ։

Փաշինյանը նշել է նաև, որ 2021-ի հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը պարզաբանվում է և որ եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի ՀՀ և ՌԴ փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։ ‌