Միացյալ Նահանգները գտնում են, որ «Հարավային Կովկասում առկա հակամարտությունների ցանկացած քաղաքական լուծում պետք է հարգի ներգրավված երկրների տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայում անվտանգության եւ քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Ջոն Շմիդթը: Ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդի նիստում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ամերիկացի դիվանագետն ասել է, որ «Միացյալ Նահանգները հավատարիմ են վրաց-աբխազական, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների համապարփակ լուծումների որոնմանը` ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ ԵԱՀԿ եւ այլ միջազգային ձեւաչափերի շրջանակներում»: