ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արդեն 2 ամիս շարունակվող Արցախի շրջափակմանը, գրել է, որ միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի։
Նա հավելել է, որ Արցախը հորդորում է առաջին հերթին Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պետության դեմ, Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների դեմ։
Նա նշել է, որ Բաքուն նպատակ ունի էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում։
Նա նշել է նաև, որ այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։
«Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում:
Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով մոտ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը:
Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակը, այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։
Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում:
Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը:
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»,-ասվում է գրառման մեջ: