ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը, անդրադառնալով Հաագայի դատարանի վճռին, որով Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, նշել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ապահովի, որ դատարանի վճիռը կյանքի կոչվի։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Արդարադատության միջազգային դատարանի վճիռը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հակասում է միջազգային իրավունքին և անհապաղ պետք է դադարեցվի: Պետդեպարտամենտն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի վճռին, թույլ տա մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժը դեպի Արցախ ու Արցախից»,-ասվում է գրառման մեջ։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: