Հայաստանը կարող է ակնկալել Լիտվայի աջակցությունը Եվրախորհրդի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը հավաստիացրել են, որ երկու պետությունները հավատարիմ են մնում եվրոպական ինտեգրացման ուղուն եւ համարում են դա առաջնային իրենց արտաքին քաղաքականությունում: Ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանի եւ Լիտվայի եվրոպական ինտեգրացման համար, նշել են պետությունների ղեկավարները` ընդգծելով, որ երկու երկրները մտադիր են շարունակել իրենց օրենսդրությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելը: «Խոշոր եվրոպական կառույցների հետ համագործակցությունը` կայունության եւ զարգացման երաշխիք է այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: