Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը, Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում անդրադառնալով Տեղում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքին, ասել է, որ ցանկացած սադրանք կամ բռնություն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը։
Կովաչևը հիշեցրել է, որ ԵԽ–ն հստակ դիրքորոշում է արտահայտել իր բանաձևով, ըստ որի` Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, և Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի հաղորդակցությունների վերականգնման համար, որպեսզի մարդիկ կարողանան անխափան երթևեկել 2 ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։
«ԵՄ-ն պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորման գործընթացին դիտորդական առաքելության միջոցով, որն օգնելու է խուսափել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հետագա ագրեսիաներից »,–ասել է Կովաչևը։
Իսկ թե սահմանազատման գործընթացում ԵՄ-ն ինչ աջակցություն կարող է ցուցաբերել, ըստ Կովաչևի` այս աշխատանքները, բնականաբար, պետք է իրականացնեն Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերը:
Նա նշել է նաև, որ սահմանների հարցում կողմերը լուծման որոշակիություն մտցնելու կարիք ունեն, որպեսզի հետագայում խուսափեն նման սադրանքներից:
Ինչ վերաբերում է Տեղի դեպքերի վերաբերյալ ԵՄ դիտորդների արձագանքին, ապա Կովաչևը նշել է, որ Եվրախորհրդարանին դեռ զեկույց չի տրամադրվել, բայց սպասում է, որ շուտով դիտորդների կողմից կունենան առաջին զեկույցը։
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ–ից հնչող այն ահազանգերը, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է նախապատրաստվում, Կովաչևը պատասխանել է, որ պաշտոնական Բաքվից լսում է հայտարարություններ, թե նրանք շարունակում են հանձնառու մնալ խաղաղության օրակարգին և սահմանազատման գործընթացին։
«Սա է իրավիճակի հանգուցալուծման միակ խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհը: ԵՄ-ն մտադիր է նպաստել խաղաղության գործընթացի հեշտացմանը, քանի որ սա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար խաղաղ միջավայրում ապրելու, կրթություն ստանալու, կարիերայի, սոցիալական բարգավաճման համար անհրաժեշտ գործոն է, ամենակարևորը՝ ազատ քաղաքացի լինելու և չվախենալու, որ ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել»,-ասել է նա:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։