AM
17 June 2023 - 07:52 AMT

Արցախի պետապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի

Արցախի պետական ապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող կազմակերպություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով հունիսի 15-ին ԱՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի ամբողջությամբ շրջափակմանն Ադրբեջանի կողմից։

Պետնախարարը նշել է, որ հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով հումանիտար բեռների փոխադրումը, այնպես էլ բուժառուներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմի Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը, հայտնում է Արցախպրեսը։

Նա խնդրել է պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին վառելիքի և նմանատիպ այլ հարցերի դեպքում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով բնակչության սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար: Առողջապահության նախարարությունը կապահովվի անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Գուրգեն Ներսիսյանն իր խոսքում դիմել է նաև հանրությանը՝ նշելով, որ խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում է գործել առավելապես խնայողաբար:

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: