AM
26 June 2023 - 07:04 AMT

Վերականգնվել է ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից բուժառուների տեղափոխումը ՀՀ

Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Հունիսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան և Արցախ վերադարձին:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուի (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։

Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքի՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)