Արցախի Ազգային ժողովը հունիսի 28-ին միաձայն ընդունած հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը, որը գլխավորում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պահանջելով «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»։
Արցախի Պաշտպանության բանակը հունիսի 28-ի վաղ առավոտյան հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հայկական կողմը 4 զոհ ունի:
«Հակառակ պարագայում՝ բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն», – ասված է հայտարարությունում, որն Արցախի խորհրդարանի նիստում հրապարակել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, հայտնում է «Ազատությունը»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին Արցախի խորհրդարանը կոչ է արել «կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները»:
Ռուսաստանի Դաշնությանը արցախցի խորհրդարանականները հորդորում են «խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները»:
«Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու»», – ասել է Թովմասյանը:
«Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում», – ասված է Արցախի խորհրդարանի հայտարարությունում:
10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին