AM
6 July 2023 - 07:58 AMT

Արցախի ՀՃԽ նախագահ․ Որոշվել է մի քանի օր սպասել ռուսական կողմի գործուն քայլերին

Արցախի Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին ռուսական կողմի արձագանքին, ասել է, որ որոշվել է մի քանի օր սպասել ռուսական կողմի գործուն քայլերին։ Պետրոսյանն այդ մասին ասել է հուլիսի 5-ին, ԱՀ նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի՝ ստեղծված իրավիճակով մտահոգ մասնակիցների հետ հանդիպմանը։

Նա ասել է, որ տեղեկություն կա, որ ՌԴ պատկան կառույցներին հանձնարարված է շատ լուրջ զբաղվել Արցախում ադրբեջանական ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակով, գրում է Արցախպրեսը։

«Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ մոտ 4-5 օր, պետք է սպասենք: Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ևս գրավոր տեղեկացված է, որ Արցախում սննդի պաշարների սղություն կա: Մեր պահանջն է կարճ ժամանակահատվածում բացել ճանապարհը: Սպասում ենք, և եթե Ռուսաստանը այդ ընթացքում գործուն քայլեր չձեռնարկի, դա կլինի իր վերաբերմունքը մեր նկատմամբ: Ավելացնեմ նաև, որ տարբեր առաջարկներ ունենք, սակայն առայժմ ճիշտ չէ այդ մասին խոսելը, քանի որ սպասում ենք Ռուսաստանի քայլերին»,- ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմի` գործուն քայլեր չձեռնարկելու դեպքում իշխանությունը ժողովրդին կներկայացնի իր ունեցած առաջարկները՝ դրական և բացասական կողմերով:

«Շատ հնարավոր է, որ որոշումը կայացվի հանրաքվեով, որովհետև այլ կերպ նման որոշումներ չի կարելի ընդունել»,- հավելել է Պետրոսյանը:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։