Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանները սույն թվականի սեպտեմբերին միաժամանակ կվավերացնեն «ՀՀ եւ ՎՀ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը` ստորագրված դեռեւս 2001 թվականին Էդուարդ Շեւարնաձեի Երեւան կատարած այցի ընթացքում: Այդ մասին հայտարարվել է Երեւանում տեղի ունեցած Հայաստան- Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստում: Կողմերը նշել են, որ քննարկման փուլում են գտնվում երկկողմանի մի շարք այլ համաձայնագրեր` «Սահմանային հարցերի վերաբերյալ համագործակցության մասին», «Վրաստանի նավահանգստային կառույցների օգտագործման ոլորտում համագործակցության մասին», « Սահմանամերձ առեւտրի մասին»: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ճանապարհաշինարարությանը: Նրա խոսքերով, բեռնափոխադրումների հարցը մոտ է կարգավորման: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցության նախագծեր, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ոլորտներում:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: