Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակին, ասել է, որ եթե ճնշումը շատ մեծանա, երկու տարբերակ կունենան՝ կամ պատերազմել ազգովի, կամ թողնել ու բիբլիական ձևով դուրս գալ հայրենիքից։
Նա զգուշացրել է, որ երկրորդ տարբերակի դեպքում աշխարհաքաղաքական լանդշաֆտը լիովին փոխվելու է, գրում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ Արցախի անկախության ճանաչման հարցով ՄԱԿ-ի անդամ երկրներին դիմելու՝ Արցախի ԱԺ-ի քայլը արվել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու հույսով, բայց, իր անձնական կարծիքով, հիմա դա չէր առաջնայինը։
«Մի քանի անգամ նույն հարցով դիմել ենք ՄԱԿ-ին՝ այդ թվում 2020թ․ պատերազմի ընթացքում, բայց որևէ արձագանք չենք ստացել։ Հասկանո՞ւմ եք, երբ դիմում ես ու անտեսում են դիմումդ՝ այն էլ բազմիցս, ուղղակի վնասում ես պետականությանը․․․
Չեմ քննադատում ԱԺ- ի քայլը, գուցե իրենք են ճիշտը, չեմ կարող վստահաբար ասել, բայց կարծում եմ, որ հիմա շատ ավելի կարևոր է Արցախի փրկությունը։ Իսկ դա հնարավոր կլինի, եթե, նախ և առաջ, ազգովի աշխատենք այդ ուղղությամբ, բայց աշխատենք, ոչ թե կենացներ ասենք։ Սկզբունքային մոտեցումը մեր չի փոխվել ու չի փոխվելու՝ Արցախն Ադրբեջանի գերիշխանությունը երբեք չի ընդունելու։
Եթե բանը հասնի նրան, որ ճնշումը շատ մեծանա, ապա երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ պիտի պատերազմենք ազգովի, կա՛մ թողնենք ու բիբլիական ձևով դուրս գանք մեր հայրենիքից։ Իսկ երկրորդ տարբերակի դեպքում աշխարհաքաղաքական լանդշաֆտը լիովին փոխվելու է։ Դա թող բոլորն իմանան ու հետևություններ անեն»,- ասել է Բաբայանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին ու հարցին, թե ինչպես է հաջողվում ագրեսոր Ադրբեջանին, թքած ունենալով աշխարհի, հիմնարար իրավունքների ու միջազգային պարտավորությունների վրա, առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը՝ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանին դա հաջողվում է ճիշտ քաղաքականությամբ։
«Ադրբեջանին դա հաջողվում է ճիշտ քաղաքականությամբ։ Որքան էլ ցավալի լինի մեզ համար, բայց իրենց ազգային շահերն ադրբեջանցիներն ատամներով պաշտպանում են։ Ալիևն ինքն էր ասում, որ աշխարհը ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը, բայց տեղի չտվեց, դիմադրեց ու հաղթեց։ Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․ Միայն տալիս ենք, կամավոր զիջում ենք մեր հայրենիքը։ Պետք է, ի վերջո, հասկանալ, թե ում հետ գործ ունենք ու սառնասրտորեն գործել»,-նշել է Բաբայանը։
ՄԱԿ անդամ երկրների կողմից գործնական քայլեր ձեռնարկելու՝ այդ թվում օդային միջանցք բացելու և Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու հույս Բաբայանը չունի։ Դա չեն անի, ըստ նրա, քանի որ շահ չունեն դրանից։
«Ադրբեջանը բոլորին կաշառում է՝ մեկին փողով, մեկին խավիարով, մյուսին նավթով․․․ Նրանք ամեն ինչ անում են իրենց պետության համար։ Մենք էլ մեր հայրենիքի համար պիտի անենք։ Ազգովի պիտի անենք, թույլ չտանք հակապետական քայլեր անել իշխանություններին, մեծ ճնշում գործադրել ոչ թե տրանսպորտը 2 դրամով թանկացնելու ժամանակ, այլ ապազգային որոշումների վտանգի առկայության դեպքում։ Մե՛նք պիտի անենք դա, ուրիշներից նեղանալ պետք չէ․ մեր ազգային շահերը եթե ինքներս չենք պաշտպանում, ումի՞ց իրավունք ունենք նեղանալու»,-շեշտել է Բաբայանը՝ հավելելով, որ Հայրենիքի վտանգված մասը՝ Արցախը փրկելու հնարավորություն դեռ ունենք։
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։