AM
2 August 2023 - 06:53 AMT

Արցախցի Բեգլարյանը մոլորվել է և ձերբակալվել Ադրբեջանի կողմից

Արցախի քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից, հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։

«Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Բեգլարյանը 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։