Ավիացիոն արդյունաբերության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության գաղափարը ձեռք է բերում կոնկրետ ուրվագծեր: Այդ հարցը այսօր քննարկվել է Երեւանում ՀՀ Ազգային Գիտությունների Ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստի ընթացքում, որին մասնակցել են հայ-ռուսաստանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ «Սուխոյի» ՄԿԲ-ի գլխավոր տնօրեն Միխաիլ Պողոսյանը: Ռիժկովի կարծիքով, համագործակցությունը թեթեւ ինքնաթիռների համատեղ արտադրության ոլորտում օգտակար կլինի Հայաստանի համար` գիտական ներուժի պահպանման եւ երկրի պաշտպանական համալիրի զարգացման առումով: Իր հերթին, Պողոսյանը համոզվածություն է հայտնել, որ ինքնաթիռների համատեղ արտադրությունը հեռանկարային կլինի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայրենական արտադրողների միության նախագահ Մեխակ Սաֆարյանը, ինքնաթիռի գծագրերը արդեն հանձնվել են «Էլեկտրասարքավորում» հայկական գործարանին` ծանոթության եւ ձեռնարկությունում քիմիական բակերի արտադրության կազմակերպման համար, եւ «Հայէլեկտրոմաշ» գործարանին, որտեղ նախատեսվում է արտադրել ինքնաթիռների ֆյուզելյաժների մասեր: Սաֆարյանը նշել է, որ նախագծի ֆինանսավորումը իր վրա կվերցնի «Սուխոյի» ՄԿԲ-ն:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: