Ապրիլի 14-30 Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ փուլի մասնակիցները պատմել են իրենց շախմատային կարիերայի ամենանշանակալի հաջողության մասին: Գրոսմայստերներին մեջբերում է առաջնության պաշտոնական կայքը:
Լեւոն Արոնյան. 2005թ. Աշխարհի գավաթը: Դա իմ առաջին եւ ինձ համար առավել նշանակալի հաջողությունն է:
Վլադիմիր Հակոբյան. Շատ բան է եղել: Եղել են հաղթանակներ պատանեկան մրցույթներում, երեք աշխարհի առաջնություններ մինչեւ 16, 18, 20 տարեկան, փոխչեմպիոնություն Լաս-Վեգասում` խոշոր հաջողություն 1999-ին: Բայց ես գտնում եմ, որ ոչ մի ձեռքբերումներ չեն համեմատվի այն բանի հետ, որ Հայաստանի հավաքականը, որի կազմում ես ելույթ էի ունենում, դարձավ երկակի օլիմպիական չեմպիոն:
Վասիլի Իվանչուկ. Պրոֆեսիոնալ-շախմատիստը պետք է մշտապես ձգտի նոր հաղթանակների: Եթե որեւէ հաղթանակն ամենաթանկը համարես, ապա այդ ձգտումը բթանում է: Ես ջանում եմ պարզապես չմտածել այդ մասին: Ամենաթանկ հաղթանակն այն է, որն առջեւում է:
Գատա Կամսկի.Հին ժամանակներում ես բավական շատ հաղթանակներ եմ ունեցել առաջնություններում եւ մրցույթներում: Ներկան համեմատելի չէ այն ամենի հետ, ինչ եղել է նախկինում: Շախմատն էլ է փոխվել, մի տեսակ ուրիշ է դարձել: Վերջին ժամանակներս ես մի խոշոր հաջողություն ունեցա` Աշխարհի գավաթի նվաճումը: Այնտեղ ինձ օգնում էր իմ ընկեր Էմիլ Սուտովսկին: Իսկ անցյալի հաղթանակները մնացել են անցյալում:
Պյոտր Սվիդլեր. Դժվար է ընտրել որեւէ մի հաղթանակ: Իմ դեպքում, երեւի, ճակատագրական եղավ 1994թ. Ռուսաստանի առաջնությանը տարած հաղթանակը: Առանց դրա ես չէի պայքարի երկրի օլիմպիական հավաքականի կազմում: Այդ հաղթանակից սկսվեց իմ շախմատային կարիերան: Ես ներգրավվեցի Ռուսաստանի հավաքականի կազմի մեջ, ծանոթացա մեծ մարդկանց հետ, Կասպարովի հետ միասին խաղացի միեւնուն թիմի կազմում: Դա ինձ համար խոշոր իրադարձություն էր այն ժամանակ: Բացի այդ, նույն տարվա օլիմպիական հաղթանակը: Ամենաառաջին հաղթանակն ամենաարժեքավորն է եւ առանձնահատուկ տեղ ունի իմ կյանքում:
Ալեքսանդր Գրիշչուկ. Երբ դարձա բլիցով աշխարհի չեմպիոն եւ երբ աշխարհի թիմային առաջնությանը մենք պետք է չինացիների հանդեպ հաղթանակ տանեինք 3,5:0,5 հաշվով, որպեսզի զբաղեցնեինք առաջին տեղը, իսկ նրանց բավական էր 1:3 հաշվով պարտություն կրել: Բայց մենք հավաքեցինք 3,5 միավոր եւ դարձանք աշխարհի չեմպիոն:
Ռուստամ Կասիմժանով. Ինձ համար բարդ չէ այս հարցին պատասխանելը: 2004թ. ես շահեցի Տրիպոլիում ընթացող աշխարհի առաջնությունը, նման հաղթանակ այդ ժամանակվանից ի վեր ես չեմ ունեցել:
Եվգենի Ալեքսեեւ. Ինձ համար ամենակարեւոր հաղթանակը եղել է Ռուսաստանում կայացած առաջնության ժամանակ: Դրանից հետո ես զգալի վերելք ունեցա եւ բարելավեցի արդյունքներս:
Սերգեյ Կարյակին. Իմ լավագույն ձեռքբերումը եղել է հաղթանակը պատանիների Եվրոպայի առաջնությանը, պատանիների աշխարհի առաջնությանը, աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստեր կոչումը: Ելույթ ունենալով Ուկրաինայի հավաքականի կազմում` ես հավաքեցի 6,5 միավոր 7 հնարավորից եւ մենք դարձանք Օլիմպիական չեմպիոն:
Էտյեն Բակրո. Իմ ամենալավ ելույթը հաղթանակն էր վերջերս Մոսկվայում կայացած «Աէրոֆլոտ օպեն» առաջնությանը:
Պավել Էլյանով. 2007թ., երբ հաղթեցի «B» առաջնությունը Վեյք-ան-Զեում եւ երբ 2004թ. օլիմպիական չեմպիոն դարձա Ուկրաինայի հավաքականի կազմում: Ահա այդ հաղթանակները, թերեւս, առավել նշանակալից են ինձ համար:
Պետեր Լեկո. Իմ կարիերայում գեղեցիկ պահեր շատ են եղել: Իհարկե, ամենակարեւորը, երեւի, 2002 թվականն է-ր. թեկնածուական առաջնություն Դորտմունդում եւ աշխարհի առաջնությանը Կրամնիկի հետ խաղալու հնարավորություն: Եւ մեկ էլ երբ 2003թ. հաղթեցի Լինարեսը, շատ հաճելի էր: Բայց կարեւոր չի, թե որ առաջնությանը հաղթանակ կտանես, կարեւորը` միշտ հաղթես: