Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էմեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ, հայտնում է Haqqin.az-ն իր աղբյուրների վրա հղումով։
Պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է», ինչպես նաև այն որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։
Հանդիպումը տեղի էր ունենալու հոկտեմբերի 5–ին։
Ադրբեջանի ԱԳՆ–ն «ձախողված և ոչ պրոֆեսիոնալ» է անվանել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում և անհիմն համարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը։
«Չնայած որ միջազգային կազմակերպություններն ու ՀՀ վարչապետը հայտարարել էին, որ Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունները վտանգ չեն ներկայացրել խաղաղ բնակիչների համար, Ֆրանսիայի նախարարն Ադրբեջանի լեգիտիմ քայլը հանցագործություն է անվանել»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաքուն քննադատել է նաև Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունները:
Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները՝ դա բռնի տեղահանում էր։ Նա շեշտել է, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։