AM
1 July 2003 - 17:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՀԱՅ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) ղեկավարներն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ օրերս քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ԱՀՀ-ից, հայ լոբբիստների զրուցակիցներն են եղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանը, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Դենիել Ֆրայդը եւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մեթյու Բրիզան: ԱՀՀ-ի ղեկավարները հանդիպել են նաեւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Միրա Ռիկարդելի հետ: Քննարկվող հարցերի թվում են եղել նաեւ ԱՄՆ Կոնգրես ներկայացված օրինագիծը, որը ներառում է հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ առեւտրական հարաբերությունների բարելավումը: «Հայաստան նախատեսված այցի նախաշեմին մենք ցանկանում ենք տեղյակ լինել Հայաստանի նկատմամաբ ԱՄՆ վարչակազմի մտադրությունների մասին»,- հայտարարել է ԱՀՀ տնօրենների խորհրդի նախագահ Փիթեր Վոսբիկյանը: