AM
8 May 2009 - 14:43 AMT

Դերենիկ Գաբրիելյան. Մենք պատրաստ ենք պատշաճ կերպով ընդունել ադրբեջանցի բռնցքամարտիկներին

Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մասնակցի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 23-30-ը Երեւանում:

«Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը հայտարարեց, որ Հայաստան գալու փոխարեն ադրբեջանցի բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերից մեկին, որը տեղի կունենա նույն ժամկետներում»,- ասվում է azerisport.com կայքում:

Աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելուց Ադրբեջանի հրաժարման հետ կապված Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իր մեկնաբանություններն է արել:

«Մենք սիրողական բռնցքամարտի միջազգային Ֆեդերացիայի հետ համաձայնեցվածությամբ հրավիրատոմսեր ենք ուղարկել բռնցքամարտի բոլոր ֆեդերացիաներին: Եվ եթե Ադրբեջանի հավաքականը որոշեր մասնակցել աշխարհի առաջնությանը, ապա մենք նրանց պատշաճ կերպով կընդունեինք, եւ ոչ մի խնդիր չէր լինի: Բայց նրանք որոշեցին հրաժարվել` դա նրանց անձնական գործն է: Համենայն դեպս, մենք պատրաստ ենք ընդունել բացարձակապես բոլորին»,- նշել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Նշենք, որ արդեն 51 երկրներ հայտ են ներկայացրել բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Այդ թիվը ռեկորդային է համարվում: Մինչ այդ մասնակիցների ամենամեծ թիվը գրանցվել էր 2007-ին կադետների շարքում անցկացված ԱԱ-ին, որը տեղի էր ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում. նրան մասնակցում էին 39 երկրների 230 մարզիկներ: