Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ցանկացել է ձեռք բերել թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Տրաբզոնսպոր» ակումբը, հայտնում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։
«Տրաբզոնսպորը» հունվարին առաջարկ է ներկայացրել «Կրասնոդարին»՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, որը կազմել է ավելի քան 10 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները և հետագա վաճառքի իրավունքը։ Թուրքական ակումբը թույլտվություն է ստացել նաև ֆուտբոլիստի հետ բանակցելու, քանի որ Սպերցյանը երկար ժամանակ ցանկանում է տեղափոխվել Եվրոպա։
Այնուամենայնիվ, տրանսֆերը չի կայացել, և ըստ որոշ տեղեկությունների, պատճառը քաղաքական բնույթ է կրել։ Լրատվամիջոցները պնդում են, որ Սպերցյանը այս հարցը քննարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության և ազգային հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հետ, որը դեմ է արտահայտվել տեղափոխությանը։
Հայաստանի ազգային հավաքականը ներկայումս չունի գլխավոր մարզիչ։ Սուրեն Չախալյանը նոյեմբերին նշանակվել էր որպես ժամանակավոր պաշտոնակատար և թիմը նրա գլխավորությամբ անցկացրել է երկու հանդիպում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Էդուարդ Սպերցյանի շուկայական արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ «Կրասնոդարը» նախկինում մերժել է նաև եվրոպական մի շարք ակումբների առաջարկները, որոնք գերազանցել են թուրքական ակումբի ենթադրյալ առաջարկը։