Երեւան կատարելիք առաջիկա այցի ընթացքում մարդու իրավունքների հարցերով լիազոր Օլեգ Միրոնովը այլ հիմնախնդիրների շարքում կքննարկի Կրասնոդարի երկրամասի հայ բնակչության իրավական պաշտպանվածության հարցը: Նամակում, որը հասցեագրված է Հայաստանի հանրապետության նախագահին կից գործող մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, Միրոնովը իր վրդովմունքն է հայտնել Կուբանում տեղ գտած հայերի ազգային արժանապատվության ոտնահարման փաստերի, մասնավորապես Կրասնոդարի գերեզմանատանը գերեզմանների պղծման կապակցությամբ: Նրա համոզմամբ, այդ գործողությունների ետեւում կանգնած են որոշակի ուժեր, որոնք ձգտում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի հարավում եւ խախտել Կուբանին բնորոշ էթնիկական հանդուրժողականության ավանդույթները: Օլեգ Միրոնովը հայտնել է իր հայ գործընկերոջը, որ «Կրասնոդարում տեղ գտած փաստերի կապակցությամբ նա հարցում է ուղարկել Կրասնոդարի երկրամասի գծով ներքին գործերի գլխավոր վարչություն` խնդրելով տեղեկացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ իրավակարգի պահպանման նպատակով ձեռնարկված միջոցների մասին»:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: