AM
11 Հուլիս 2025 - 08:00 AMT

Գալուզին․ ՌԴ–ն պատրաստ է իր ներդրումն ունենալ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստակամ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Նա նշել է, որ հիմնական ուղղությունները սահմանվել են 2020 և 2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերով, հայտնում է »Իզվեստինա»։

«Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է շարժվել այդ ուղղություններով՝ խաղաղ պայմանագրի պատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, սահմանների սահմանազատում և հետագա սահմանագծում, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ու խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը՝ որպես եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է շարունակել իր ներդրումը դրանց իրականացման մեջ։ Իհարկե՝ այն ձևաչափով, որը հարմար կլինի երկու կողմերի համար», –ասել է Գալուզինը։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։