AM
14 Հուլիս 2025 - 06:14 AMT

Էրդողան. Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

Թուրքիան ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք մեկնարկել են Աբու Դաբիում տեղի ունեցած երկխոսությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բին Զայիդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ուղղությամբ տարվող նախաձեռնություններին։

Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Հուլիսի 10-ին Փաշինյանը և Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։