Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ տեղյակ չեն այն մասին, որև ԱՄՆ-ն պատրաստվում է կառավարել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերահսկել Իրանի սահմանին մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև բանակցություններին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեղյակ չենք այդ մասին, ուստի չենք կարող մեկնաբանել», – նշել են Էրդողանի վարչակազմից։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:
2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պաշտպանում է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի կնքումը Երևանի և Բաքվի միջև, ինչպես նաև Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։






