Բրիտանական The Telegraph-ը գրել է, որ «ՀՀ–ն ու Ադրբեջանը, լինելով երդվյալ թշնամիներ, միավորվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ դուրս մղելու համար ՌԴ–ին Հարավային Կովկասից»։
Ըստ պարբերականի, թեև պատերազմը քիչ հավանական է, բայց դիվանագիտական իրավիճակը լուրջ է, և վտանգավոր Մոսկվայի համար, «քանի որ Հայաստանն այժմ միանում է իր նախկին թշնամուն՝ ռուսական ազդեցությունը սահմանափակելու ջանքերում»:
Հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցերը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։
Նշվում է, որ ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020–ի հրադադարի համաձայնագրի, երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն ամբողջությամբ դնել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի միջազգային անվտանգության տնօրեն Նիլ Մելվինն ասել է, թե դա Մոսկվայի վերջին խաղաքարտն է տարածաշրջանում։
«Մենք դեռ չենք տեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր, բայց կան դրական նշաններ։ Վերջնական խաղաղության պայմանագիրը լուրջ հարված կլինի Ռուսաստանի դիրքերին Հարավային Կովկասում»,–նշել է նա։
Նշվում է, որ հուլիսի 10–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե Հայաստանն այժմ ցուցաբերում է «ավելի ճկուն մոտեցում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, մինչդեռ նախկինում դեմ էր դրան»:
«Արևմուտքի ներկայացուցիչները, միաժամանակ, առաջ են քաշել միջանցքը չեզոք միջազգային կառավարման տակ դնելու գաղափարը՝ ինչպիսիք են շվեյցարական կամ ամերիկյան ընկերությունները, ամբողջությամբ բացառելով ՌԴ–ին»,–ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում սկսել է թուլանալ 2023 թվականից, երբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում չեն միջամտել Ադրբեջանի ռազմական գործողություններին, և Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել տարածաշրջանը, իսկ Ադրբեջանը մեղադրվել է էթնիկ զտումների մեջ։
Ըստ պարբերականի, դրանից հետո Փաշինյանը հայացքն ուղղել է դեպի Արևմուտք և Բաքվի հետ հաշտության ուղիներ փնտրել՝ համարելով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե թշնամանքն Ադրբեջանի և Թուրքիայի հետ պահպանվի։
«Այս դիրքորոշումը Հայաստանում ժողովրդականություն չի վայելում, իսկ Փաշինյանի վարկանիշը աշխարհի առաջնորդների թվում ամենացածրերից մեկն է․․․
Այս ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ժամանակին խորհրդային արբանյակներ են եղել, նոր ուղի են ընտրում՝ առանց Ռուսաստանի»,–ասվում է հոդվածում։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։
«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. – «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», – ասել է նա։






