AM
16 Հուլիս 2025 - 07:05 AMT

Ամիրբեկովը՝ ՀՀ հետ համաձայնագրի մասին. 2 հարցն էլ, վաղ թե ուշ, դրական լուծում կստանա

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հունական ERT-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է դեռևս 2025 թվականի մարտին, և կողմերը շատ մոտ են ստորագրմանը։

Նա կրկին խոսել է այսպես կոչված «խոչընդոտների» մասին՝ վստահություն հայտնելով, որ այս երկու հարցերն էլ, վաղ թե ուշ, դրական լուծում կստանա, հայտնում է oxu.az-ը։

Հարցերից մեկն, ըստ նրա, Հայաստանի սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է», ինչը հակասում է համաձայնագրի բովանդակությանը և ոգուն։ Բացի այդ՝ նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլևս արդիականություն չունեցող այլ կառույցների լուծարման անհրաժեշտությունը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։