Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջնական փուլում են։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
«Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել, և դա (խաղաղության համաձայնագիրը — խմբ․) արդեն մոտ է նպատակին», — նշել է ԱՄՆ առաջնորդը։
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։






