AM
21 Հուլիս 2025 - 13:57 AMT

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ՀՀ ռեկորդ է սահմանել

Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցող հայ մարզիկները շարունակում են հանդես գալ տարբեր մարզաձևերում։

Լողի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում գրանցել է 58.19 վայրկյան արդյունք՝ սահմանելով նոր ազգային ռեկորդ։ Բացի այդ, 100 մետր թիթեռ լողում նա ցույց է տվել 1.01.35 արդյունք՝ 43 մասնակիցների մեջ զբաղեցնելով 20-րդ տեղը։ Մեկ այլ լողորդ՝ Աշոտ Չախոյանը, 100 մետր ազատ ոճում ցույց է տվել 54.66 արդյունք։

Գեղարվեստական մարմնամարզության մրցապայքարներն ավարտել են Ջուլիետա Ավետիսյանն ու Սիլվա Սարգսյանը՝ համապատասխանաբար հավաքելով 78,350 և 83,700 միավոր։

Սուսերամարտի մրցումներում Դարիա Մալիշևան ենթախմբային փուլում տարել է չորս հաղթանակ, ինչի շնորհիվ դուրս է եկել 1/32 եզրափակիչ։ Այնտեղ 15:12 հաշվով կարողացել է հաղթել լեհ սուսերամարտիկին, սակայն հաջորդ փուլում՝ լավագույն ութնյակ անցնելու համար, 15:4 հաշվով զիջել է իտալացի մարզիկի։

Թաեքվոնդոյի մրցումներին մասնակցել են նաև 57 կգ քաշային Մելինե Հովհաննիսյանը և 68 կգ քաշային Դավիթ Թոորսյանը, որոնց ելույթները ևս ավարտվել են։

Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը բաղկացած է 18 մարզիկներից, որոնք հանդես են գալիս 7 մարզաձևերում։ Պատվիրակության ղեկավարը ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է, իսկ քարտուղարի պարտականությունները կատարում է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։

Հուլիսի 21-ին մրցապայքարի կմասնակցեն թաեքվոնդոյիստ Արմեն Դանիելյանը (74 կգ), հեռացատկորդ Յանա Սարգսյանը և լողորդ Աշոտ Չախոյանը՝ 50 մետր բրաս լողի մրցաձևում։

Միջազգային այս մրցաշարը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը։