AM
22 Հուլիս 2025 - 13:48 AMT

Բոճորիշվիլի․ Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը

Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մակա Բոճորիշվիլու խոսքով՝ Վրաստանը անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ, հայտնում է 1tv.ge-ն։

«Մենք միշտ ասել ենք և հիմա էլ կրկնում ենք՝ Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Ուրախ ենք, որ ապրիլի 17-ին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու եռակողմ հանդիպում։ Դա առաջին հանդիպումն էր այս ձևաչափով, երբ երեք երկրի նախարարների տեղակալները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր։ Մենք կարծում ենք, որ ունենք ներուժ այս ձևաչափով համագործակցությունը շարունակելու երեք երկրների միջև։

Տարածաշրջանում ընթացող գործընթացները, անշուշտ, շատ կարևոր են։ Այս համատեքստում կարևոր է մեր երկրների միջև համագործակցությունը, գործընկերությունը։ Որպես հնարավորություն կարող ենք դիտարկել այն աշխարհաքաղաքական իրադրությունը, որը այսօր կա՝ հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի շահերը՝ զարգացնելու լայնածավալ համագործակցություն տարածաշրջանի այլ երկրների հետ և առավել արդյունավետ օգտագործելու այն ներուժը, որն ունեն մեր երկրները», – ասել է Մակա Բոճորիշվիլին։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։