AM
24 Հուլիս 2025 - 09:52 AMT

Պեսկովը՝ միջանցքի մասին․ Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է

Կրեմլը վերահաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով այսպես կոչված «Զամգեզուրի միջանցքի» վերաբերյալ վերջին հրապարակումների մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Dա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Եվ մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ անցնեն պայմանագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ մենք կպահպանենք մեր պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած աջակցություն ցուցաբերելու այս գործընթացին», – ասել է Պեսկովը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության վարչությունն հերքել է իսպանական Periodista Digital պարբերականում տարածված լուրը՝ իբր Երևանը, Բաքուն և Վաշինգտոնը համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագիրԸ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման շուրջ, որը հոդվածում ներկայացվել է որպես «Թրամփի կամուրջ»։

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչը՝ Թուրքիայում դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է ղեկավարել Իրանի սահմանին գտնվող Զանգեզուրի միջանցքը՝ նպաստելով Բաքու-Երևան բանակցություններին։ Ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շեշտել էր, որ Հայաստանը չի քննարկում իր տարածքի վերահսկողությունը երրորդ կողմին հանձնելու հնարավորությունը, այդ թվում՝ այն հատվածը, որը կապում է Ադրբեջանը նրա Նախիջևանի ինքնավարության հետ։