Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։
«Նախարար Բայրամովը Ֆիդանին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, դրա տարբեր ասպեկտների, ներկայիս իրավիճակի և խաղաղ համաձայնագրի հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրած ջանքերի մասին»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Minval.az-ը։
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունից բխող հարցերին, համագործակցությանը միջազգային ու տարածաշրջանային կառույցներում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին։
Բացի այդ, նախարարները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրները։
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






