AM
30 Հուլիս 2025 - 10:20 AMT

ՀՀ-Ադրբեջան հարաբերություններն ընդգրկվել են Թուրքիայի ԱԽ նիստի օրակարգում

ՀՀ-Ադրբեջան հարաբերություններն ընդգրկվել են հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կայանալիք տարվա չորրորդ անվտանգության խորհրդի նիստի օրակարգում։

Թուրքական իշխանամերձ «Türkiye gazetesi» պարբերականը նշել է նաև, որ նիստի օրակարգում կներառվի Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը», գրում է Ermenihaber–ը։

Նիստի ընթացքում օրակարգում ընդգրկված են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման հետ կապված գործընթացը, Սիրիայում ընթացող վերջին զարգացումները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև «Eurofighter» տեսակի եվրոպական կործանիչների ձեռքբերման վերաբերյալ քննարկումները։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։