Հայկական պատվիրակության անդամները, որոնք Կրասնոդարում են գտնվում երկրամասից հայերի վտարման վտանգի կապակցությամբ ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով, հանդիպել են Կուբանի կազակների զորքի ատաման Վլադիմիր Գրոմովի հետ: Ինչպես հաղորդում է «Դե Ֆակտո» գործակալությունը, խոսելով վերջին շրջանում սրված միգրացիոն հարցերի մասին, Գրոմովը բաժանել է Կրասնոդարում բնակվող հայերին մի քանի խմբերի` բնիկ հայերի, որոնք ապրում են Կուբանում հարյուրավոր տարիներ ի վեր, հայերի, որոնք տեղափոխվել են Կուբան 50-ական թվականների Ղրիմից աքսորված հայերի ռեաբիլիտացիայի կապակցությամբ: Այդ խմբին ատամանը նույնպես համարում է բնիկ: Եվ հաջորդ խումբը` դա հայերն են, որոնք տեղափոխվել են Հայաստանի երկրաշարժից եւ Ադրբեջանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո: Ատամանի խոսքերով, Կուբանի բնակիչներին մտահոգում է վերջին խմբի հայերի «հոսքը»: Այդ վերաբնակվողներից շատերը արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն շատերը գտնվում են երկրամասում ոչ լեգալ կերպով` աշխատելով առեւտրում եւ շինարարության վրա: Նրանց թվաքանակի ավելացումը, Վլադիմիր Գրոմովի խոսքերով, հարուցում է «տեղացի բնակչության» բացասական վերաբերմունքը: Այդ վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նշել է ատամանը, արտահայտվել է Կրասնոդարում հայկական եկեղեցու շինարարության եւ նախորդ նահանգապետի ընտրություններին հայերի մասնակցության նկատմամբ ոչ միանշանակ մթնոլորտի ձեւավորման մեջ: Խոսելով Կրասնոդարի գերեզմանատանը տեղ գտած բարբարոսական գործողությունների մասին, երբ ավերվել էին հայկական գերեզմանների հուշաքարերը` Վլադիմիր Գրոմովը դատապարտել է տեղի ունեցածը: Ռուսների եւ հայերի միջեւ լարված հարաբերությունների պատճառներից մեկը ատամանը համարում է մտածելակերպերի տարբերությունը. «Հայերը աշխույժ են, ձեռներեց եւ ակտիվ բիզնեսում, ի տարբերություն ռուսների, իսկ մեր ընդհանուր աղքատության ֆոնի վրա հայերի առատությունը առեւտրում եւ գործարարության մեջ ընկալվում է տեղական բնակչության կլողմից բացասաբար»: Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը իր հերթին նշել է, որ «հայերի քանակը երկրամասում չպետք է վախեցնի տեղական բնակչությանը»: Նրա խոքերով, հիմնահարցը կանհետանա սոցիալ-տնտեսական հարցերի լուծման հետ :
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: