AM
1 Օգոստոս 2025 - 13:12 AMT

Լավրով․ ԵԱՀԿ-ն չի հաջողել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի 50–ամյակին նվիրված իր խոսքում անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործունեությանը ղարաբաղյան հակամարտության հարցում։ Նա հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ն չի հաջողել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում»։

«Նրա հովանու ներքո ստեղծված Մինսկի խումբը այդպես էլ չի կարողացել ստեղծել կայուն երկխոսության պայմաններ հակամարտող կողմերի միջեւ։ Իսկ երբ Արևմուտքի ներկայացուցիչները դուրս եկան ՌԴ հետ համագործակցությունից, խմբի գործունեությունը լիովին զրկվեց իմաստից»,–նշել է նա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները տարբեր տարիներին միաձայն հաստատել են հիմնարար փաստաթղթեր, որոնցում հռչակվել է անվտանգության անբաժանությունը. ոչ ոք իրավունք չունի ամրապնդել իր անվտանգությունը՝ վտանգելով այլոց անվտանգությունը, և ոչ մի երկիր կամ կազմակերպություն չի կարող հավակնել գերիշխանության Եվրոպայում։

«Սակայն այս ու այլ գեղեցիկ հռչակագրերի ընդունմանը զուգահեռ Արևմուտքը գործել է ճիշտ հակառակը՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ն դեպի Արևելք՝ վնասելով Ռուսաստանի և մի շարք այլ երկրների շահերին”,–ասել է Լավրովը։ ։

1975 թվականի օգոստոսի 1-ին ստորագրված Հելսինկյան Եզրափակիչ ակի հիմքում դրվել է համապարփակ անվտանգության ապահովման գաղափարը՝ հավասար բոլորի համար և ներառող ռազմաքաղաքական, տնտեսական ու հումանիտար չափումները։ Ակտում ամրագրված տասը սկզբունքները՝ համաձայնեցված կոնսենսուսի հիման վրա, դարձել են եզակի իրավաքաղաքական արդյունք, որը հետագայում զարգացվել է 1995 թվականին և այժմ 57 պետություն միավորող ԵԱՀԿ-ի փաստաթղթերում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց է առաջ քաշում Ադրբեջանը՝ այն ներկայացնելով որպես ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմաններից մեկը։