Ամերիկաբնակ լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտարարել է, թե Վաշինգտոնում օգոստոսի 8–ին կընդունեն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Ըստ նրա ՝ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։
«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Իմ աղբյուրներն ասում են, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,–գրել է նա։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:






