Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ճեպազրույցում տեղեկացրել է, որ Թեհրանը բազմաթիվ մտահոգիչ ազդակներ է ստացել՝ կապված Ադրբեջանի բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ բռնությունների հետ, գրում է Tasnim գործակալությունը։
Նա հավելել է, որ իրականակ կողմն իր բողոքներն ու մտահոգությունները բազմաթիվ նոտաներով ուղարկել է Բաքվին, հայտնում է Factor.am-ը։
«Սա կարևոր հարց է։ Մենք ստացել ենք տեղեկատվություն ադրբեջանական բանտերում կալանավորված քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Մենք մեր բողոքներն ու մտահոգությունները բազմաթիվ նոտաներով ուղարկել ենք Բաքվին։ Մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններին համապատասխան պատշաճ վերաբերմունքը մեր օրինական ակնկալիքն է: Հյուպատոսական իրավունքների մասին կոնվենցիան այս առումով շատ հստակ է»,– ասել է Բաղային՝ անդրադառնալով Ադրբեջանի բանտերում Իրանի քաղաքացիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հարցին։
Նա հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի դատապարտյալների փոխանակման վերաբերյալ պայմանագիր, և այդ հարցը ներառված է Իրանի ԱԳՆ-ի օրակարգում։






