AM
6 Օգոստոս 2025 - 09:48 AMT

Թրամփն առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ։

«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով»,–ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է հանդիպումների ժամանակացույցը, որի համաձայն Թրամփն այս ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30 կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, մոտ 1 ժամ հետո՝ 3։20՝ Ադրբեջանի նախագահի հետ։ Ապա ԱՄՆ նախագահը հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Washington Post–ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։

Չի նշվում, սակայն, թե արդյոք ենթադրվում է, որ կողմերը կարող են ստորագրել դեռևս մարտին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է։։