Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը լուրջ սպառնալիք է Իրանի ազգային շահերի համար։
Նա նշել է, որ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, գրում է Auroranews.am-ը։
«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը։ Այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար», – ասել է Մողադամը։
Մողադամը նշել է, որ Իրանի խորհրդարանը պարտավոր է կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ նման ծրագրի իրագործումը կանխելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացը կանխելու գլխավոր պատասխանատվությունը դրված է Իրանի կառավարության վրա, որը պետք է ակտիվ դիվանագիտական գործելակերպով չեզոքացնի թշնամական ծրագրերը։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նույնպես ընդգծել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է ցամաքային շրջափակման մեջ գցել թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին:






