Ռուսաստանն ու ԱՄՆ–ն պայմանավորվածություն են ձեռք բերել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին բարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը, այսինքն՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը», –ասել է ն ա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուշակովի խոսքով՝ կողմերն արդեն սկսել են գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները։ Նախնական ժամկետ դիտարկվում է հաջորդ շաբաթը, սակայն դեռ դժվար է կանխատեսել, թե պատրաստությունն ինչքան կտևի։ Հանդիպման վայրը հստակեցված է, սակայն կհայտարարվի ավելի ուշ։
Նա հավելել է նաև, որ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը առաջարկել է երեք նախագահների մասնակցությամբ հանդիպում, ներառյալ Վլադիմիր Զելենսկին, սակայն Մոսկվան դա չի մեկնաբանել։
«Մենք նախևառաջ առաջարկում ենք կենտրոնանալ Թրամփի հետ երկկողմ հանդիպման նախապատրաստման վրա և գլխավորն ենք համարում, որ այդ հանդիպումը լինի հաջող և արդյունավետ», — ընդգծել է Ուշակովը:
Նա նաև նշել է, որ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հետագա համագործակցությունը, որի արդյունքների մասին Ռուսաստանը տեղեկացրել է իր դաշնակիցներին ու գործընկերներին։
Ուշակովը նշել է, որ Ուիթքոֆի միջոցով երկու երկրների ղեկավարները փոխանակվել են ուղերձներով Ուկրաինայի հարցով, և քննարկվել են նաև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացումները։
Ուիթքոֆի այցը Մոսկվա կայացել է չորեքշաբթի։ Պուտինը նրան ընդունել է Կրեմլում, և հանդիպումը տևել է երեք ժամից ավելի։ Սա դիվանագետի հինգերորդ այցն է Ռուսաստան այս տարվա ընթացքում։
Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները եղել են արդյունավե և կողմերը մեծ առաջընթաց են արձանագրել։ Նա հավելել է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին մտադիր է աշխատել ռազմական գործողությունների ավարտի ուղղությամբ։






