AM
8 Օգոստոս 2025 - 06:15 AMT

Թրամփը հայտարարել է, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատմական խաղաղության գագաթնաժողովի շրջանակում և որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն:: Այդ մասին նա գրել է Truth Social սոցկայքում։

«Ուրախ եմ վաղը Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», — ասել է Թրամփը։

Նա նշել է, որ երկու երկրները երկար տարիներ եղել են հակամարտության մեջ, որի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ։ Թրամփի խոսքով՝ բազմաթիվ առաջնորդներ փորձել են դադարեցնել պատերազմը, սակայն ապարդյուն, մինչև այժմ։

Թրամփն ընդգծել է, որ իր վարչակազմը երկար ժամանակ կապի մեջ է եղել երկու կողմերի հետ։ Նա հաստատել է, որ վաղվա հանդիպումն ավարտվելու է Սպիտակ տանը խաղաղության պաշտոնական ստորագրման արարողությամբ։

«Վաղը նախագահ Ալիևն և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը խաղաղության պաշտոնական ստորագրման արարողության համար», — հավելել է նա։

Նա նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները երկու երկրների հետ կստորագրի երկկողմ համաձայնագրեր՝ տնտեսական համագործակցությունը խթանելու և Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջ ներուժը բացահայտելու համար։

«Միացյալ Նահանգները երկու երկրների հետ կստորագրի երկկողմ համաձայնագրեր՝ միասին տնտեսական հնարավորություններ զարգացնելու համար, որպեսզի կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը:

Շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,–գրել է նա։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։