ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսը 77 WABC ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չափազանց կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար»։
Նա անդրադարձել է նաև Հայաստանով անցկացվելիք ճանապարհին։
«Այս միջանցքով Կենտրոնական Ասիայի հինգ երկրները գտնվում են ռուսական և չինական ուղղությունից դեպի ավելի եվրոպական և արևմտյան ուղղություն շարժվելու շեմին։ Սա վճռորոշ և կարևոր պահ է»,-ասել է նա, գրում է APA-ն։
Հիշելով իր մայիսյան այցը տարածաշրջան՝ Դեյնսը նշել է. «Ես այնտեղ եմ եղել մայիսին, հանդիպել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա մեկնել եմ Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք գտնվում են այս խաղաղության պայմանագրին հասնելու շեմին»։
Սենատորը շեշտել է, որ այս գործընթացը անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին։
«Սա նման է ևս մեկ «Աբրահամյան համաձայնագրերի», որը կարող է կարևոր դիվիդենտներ բերել ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Արևմուտքի համար։ Իհարկե, Ռուսաստանը և Իրանը գոհ չեն այս իրավիճակից»,–նշել է նա։






